Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական մի շարք կազմակերպություններն այսօր միջոցառում էին կազմակերպել, որտեղ դիմեցին միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ պետությունների խորհրդարաններին, կառավարություններին, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին՝ բարձրաձայնելով, որ 20 տարի առաջ` 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը մնացել է մարդկության դեմ չհետաքննված, չդատապարտված եւ չպատժված հանցագործություն: Երիտասարդները կոչ էին անում ստորագրել իրենց դիմում-նամակի տակ, որում մասնավորապես նշվում է, որ այդ 7 օրերի ընթացքում հայազգի խաղաղ քաղաքացիների դաժան սպանությունները, բռնությունը, ջարդերն ու կողոպուտը հանգեցրել են Բաքվի 250 հազարանոց հայության ամբողջական արտաքսմանը:
«Ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը՝ սկսած 1988 թվականին Սումգայիթում, այնուհետեւ Կիրովաբադում, Բաքվում, „Կոլցո“ օպերացիայի ընթացքում, Մարաղայում եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ բոլոր բնակավայրերում, տարածաշրջանի սահմաններից դուրս, չի դադարում մինչ օրս` ձեռքբերելով նորանոր եւ ավելի սպառնացող ձեւաչափեր»,-նշված է դիմումում:
Ներկաները նշեցին, որ իրենց այս նախաձեռնությամբ իրենք ցանկանում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ երիտասարդները պահանջատեր են, իսկ նրանք, ովքեր տեղյակ չեն տեղի ունեցածին, պետք է տեղեկացնել եւ դրանով դարձնել պահանջատեր:
Ստորագրման արարողությունից հետո, չնայած անձրեւային եղանակին, տեղի ունեցավ երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը ներկաներին հիշեցրեց, որ այսօր լրանում է նաեւ Հրանտ Դինքի մահվան երրորդ տարելիցը: Նա հիշեցրեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերը. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա», ապա հավելեց, որ այդ պայքարը կա, եւ այն տանում են հայ երիտասարդները: Երիտասարդը չմոռացավ իր խոսքն ավարտել՝ «Առաջ Հայաստան» կարգախոսով:




























