Անվանումը մեկն է, տեսակները` տասնյակ: Անվանումների եւ գների երկար ցուցակ` կախված չափաքանակից եւ արտադրողից: Հենց գինն էլ երկընտրանք է ստեղծում բուժհաստատությունների համար, նշում են սպառողները:
Պետական մրցույթի ժամանակ նախապատվությունը հարկ է տալ ավելի էժան պրեպարատի: Եւ այստեղ մրցութային կանոնները կարող են հակասության մեջ մտնել Հիպոկրատի երդման ու հիվանդի վիճակի հետ: Չինական, թե՞ գերմանական ինսուլին: Թուրքական, թե՞ ֆրանսիական վիրաբուժական թելեր: Նյութը կարծես թե նույնն է: Սակայն այդ ռացիոնալ փաստարկը ոչ բոլորին է հանգստացնում: Մեզ հետ զրույցում դեղագործներից մեկը հարցը ուղիղ դրեց. «Աստված չանի ձեր հարազատնեից մեկը վիրահատության սեղանին պառկի: Կհամաձայնե՞ս, որպեսզի նրա կրծքավանդակը չինական թելերով կարեն»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ նշեցին, որ իրենց սեփական հանգստության համար մրցույթների ժամանակ նախընտրում են ավելի թանկ պրեպարատներ ձեռք բերել: Հենց այն, որ «նույն» դեղերը մեկ վաճառվում են 100, մեկ 2000 դրանով, գրավել է պետության ուշադրությունը, կարծում են ձեռներեցները. գների մեջ նման տարբերություն նկատելով` պետությունը ձեռներեցներին մեղադրել է ընտովի գներով վաճառքի մեջ:
Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովում, որը վերջերս ավարտել էր դեղերի շուկայում հերթական ուսումնասիրությունները, մեզ բացատրեցին, որ դեղերի գների համամետություն իրականացվել է անհրաժեշտ մանրամասները հաշվի առնելով: Համեմատվել են գրեթե նույն արտիկուլով պրեպարտների գները:
Իսկ պետական հիվանդանոցը. ստիպվա՞ծ է նա ընտրություն կատարել մրցույթի եւ հիվանդի միջեւ: Մասնավոր հիվանդանոցները ձերբազատված են նման խնդրից. Այնտեղ գինը կարող է ընտրել հիվանդը: Թեեւ բուժհաստատությունների մասնաբաժինը դեղորայքի շուկայում մեծ չէ` 10% (մնացածը դեղատներին է): Միայն պետականների մասնաբաժինն ավելի քիչ է: Սակայն հենց այստեղ կարող է բարձրանել ոչ միայն հիվանդի ջերմությունը, այլեւ պետական ֆինանսների «ճնշումը»:





























