Բաքվում 1990թ. իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվաըի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը:
«Քսան տարի առաջ մեր հայրենակիցները Բաքվում սպանվել են միայն մի բանի համար, որ նրանք հայ են: Զոհերի հիշատակը հարգելիս մենք անպայման պետք է շեշտադրենք այս հանգամանքը: Մտորումները` արդյոք աշխարհով մեկ սփռված հայերն այսօր պաշտպանված են, արդյոք մեր երազանքը` ինքնուրույնաբար տնօրինելու մեր ճակատագիրը, ամբողջությամբ այսօր իրացված է, արդյոք չկան նոր վտանգներ, նոր սպառնալիքներ, եւ արդյոք մենք երաշխավորված ենք, որ նոր ջարդեր չեն լինելու, որ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները չեն հետապնդվելու միայն այն բանի համար, որ նրանք հայ են, որ նրանք ուզո’ւմ են հայ լինել` անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում»,- նշել է վարչապետը եւ հավելել. «Միակ երաշխիքն այն է, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որն ի զորու լինի պաշտպանել իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում»:




























