ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նա 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու եւ կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ:

Ընդ որում, այդ աշխատակիցները եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Եւ ահա, ՊՊՎԳ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը «ստիպել» է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը:

Նման վիճակ է ստեղծվել նաեւ Արզաքանցյանին պատկանող Սեւանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքում. կրկին ՊՊՎԳ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չեն ստացել աշխատավարձ, ու այս անգամ եւս բանը հասել է ԴԱՀԿ-ին: Նույն պատճառով ՊՊԳՎ-ն դադարեցրել է նաեւ Արզաքանցյանի թիկնապահների գործունեությունը, քանի որ անձնական թիկնապահներին եւս նա որեւէ գումար չի վճարել: