Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկաթուղում մի քանի դժբախտ պատահար արձանագրվեց՝ չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից ձեռնարկվող պրոֆիլակտիկ միջոցառումներին, գծանցների եւ կայարանների բարեկարգմանը: Երկաթուղու հարեւանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող եւ անհոգ վարորդները, շարունակում են հատել գծերն ըստ ցանկության, որտեղ պատահի՝ անտեսելով արգելող նշանները եւ դրա համար հատուկ նախատեսված անցումները եւ գծանցները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե 2012 թվականի 8 ամիսների ընթացքում երկաթուղում տեղի էր ունեցել ոչ արտադրական վնասաբերության 5 դեպք, արդյունքում 4 մարդ էր զոհվել եւ 1-ը վիրավորվել: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին արձանագրվել էր 17 դժբախտ պատահար, ինչի արդյունքում տուժել էր 11 մարդ (6 զոհ, 5 վիրավոր), 2010 թվականին նման դեպքերի թիվը կրճատվեց՝ 7-ը, տուժեց 4 մարդ (3 զոհ, 1 վիրավոր), իսկ 2011 թվականին տեղի ունեցավ 8 նման պատահար, տուժեց 4 մարդ (2 զոհ, 2 վիրավոր):
Երկաթուղում դժբախտ պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է գծերի չթույլատրված անցումներով՝ դրա համար բոլորովին չնախատեսված վայրերում: Մասնավորապես, 2012 թվականին արձանագրվել է վրաերթի 4 դեպք, որից 3-ը՝ մահացու ելքով. զոհվեցին երկու կին եւ մեկ տղամարդ (տարեց խուլ տղամարդը ուղղակի չէր լսել ջերմաքարշի զգուշացնող ձայնային ազդանշանները): 73-ամյա Էմմա Անանյանը զոհվեց օգոստոսի 23-ին՝ գծերը հատելով Այրում-Բագրատաշեն երկաթուղային հատվածի 2-րդ կմ-ում: 49-ամյա Նելլի Աբրամովան՝ հուլիսի 2-ին Ալավերդիում՝ վերադառնալով շուկայից եւ գծերն անցնելով «Լաչինի միջանցք» անվանումը կրող վայրում:





























