Հայաստանում քաղաքական առումով բավական տարօրինակ իրավիճակ է, հիմնական ընդդիմադիր ուժերը գնացին տրոհման ճանապարհով եւ այդ տրոհումը շարունակական է: Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ օրերս «Ժառնգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակացության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչած հայտարարությունները այդ ուժերի փաստացի տրոհում էին, եւ ցույց տվեցին, որ լուրջ անհամաձայնություններ կան: Նրա խոսքով, այսօր ԱԺ-ում առավել ազդեցիկ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, եւ դատելով ամեն ինչից՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են կուսակցությունը ներկայացնել որպես Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ: «ԲՀԿ-ն, ստորագրելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին պարտավորագիրը, դեռեւս հակառակի մասին հայտարարություն չի արել, հետեւաբար՝ հեղհեղուկ մի վիճակ է»,- ասաց նա: Իսկ նախկինում ակտիվ քաղաքական ընդդիմությունը սպառել է իր պոտենցիալը եւ գլխիկոր հայտնվել խորհրդրանում, «սա իրենց հաղթանակի միակ եւ վերջին փուլն է»: Արման Մելիքյանի կարծիքով՝ այն վիճակում են հայտնվել, որ ԲՀԿ-ին դիտարկում են որպես ավագ եղբայր, ինչը ցավալի է, որովհետեւ իրականում ԲՀԿ-ն քաղաքական որակների տեսանկյունից իշխող կոալիցիայից որակապես չի տարբերվում, իշխանությունից հեռացած քաղաքական ուժը ձեռք չի բերել նոր որակներ: «Գործող իշխանության ներկայացուցիչը՝ Սերժ Սարգսյանը, լավագույն դիրքերում է նախագահական շրջանում: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ մեզ քաղաքական համակարգի նոր որակ է անհրաժեշտ, գործող իշխանությունը այն ապահովել ունակ չէ»,- ասաց նա՝ անհրաժեշտ համարելով լուրջ խորքային փոփոխություններ, որոնք այս իշխանությունը չի կարող իրականացնել:
Նախագահական ընտրությունների հետ կապված նա առանձնացրեց երկու գործոն, առաջինը՝ ընտրությունների արդարացիությունը ապահովելու խնդիրն է, որը երբեւէ չի ապահովվել Հայաստանում, իսկ երկրորդը այն է, որ գործող իշխանությունը պետք է ունենա արժանի հակառակորդ, որը կարողանա ստանալ ժողովորդի քվեն: «Հաճախ խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ընդդիմության միասնական թկենածու: Չեմ գտնում, որ ընդդիմության թեկնածուն, անգամ արդար ընտրությունների դեպքում կարողանա հաղթել իշխանությանը, ընդդիմության մեջ շատ են եւ մեղադրանքները, եւ նեղացածությունը, չեմ կարծում, որ ընդհանուր թեկնածու կտեսնի»,- ասաց նա՝ շեշտելով, որ հնարավորությունը այն է, որ բացարաձակապես չեզոք անձը կոնսենսուսային տարբերակով ընդունվի ուժերի կողմից՝ որպես թեկնածու, «սա հաջողությանբ երաշխիք չէ, բայց կարող է դառնալ ազգային միաբանության վերագտնման ճանապարհ»: Արման Մելիքյանի համոզմամբ՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից առաջադրվող հավանական թկենածուներից որեւէ մեկը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, ոչ Դաշնակցությունը միանձնյա չեն կարողանա որեւէ բան անել, եւ չունեն այն թեկնածուին, որը ընդունելի լինի բոլորի համար:
Փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված իր թեկնածությունը առաջադրելու մասով Արման Մելիքյանը դեռեւս վերջնական որոշում չունի, վերլուծության փուլում է, մեկ ամսվա ընթացքում հստակություն կլինի: Նա նշեց, որ պատրաստ է առաջադրվել, կրել պատասխանատվություն, բայց դրդապատճառ պետք է լինի, երբ քաղաքական ուժերը որոշեն գտնել կոնսենսուսային ոչ կուսակցական թեկնածու, որին հարմար կգտնեն աջակցել, իսկ երկրորդր՝ դա կլինի առաջադրում, որին կսատարեն այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում հանդուրժել ստեղծված վիճակը, «թող սա լինի բոլորին դեմ տարբերակը»: Իսկ երրորդ մոտեցումը, նրա խոսքով, չառաջադրումն է:





























