Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որում ասված է, թե Հայաստանի ՍԴ որոշման մեջ կան ձեւակերպումներ, որ հակասում են երկու երկրների ստորագրած արձանագրությունների ոգուն, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«ՍԴ որոշումը կարելի է դիտարկել իրավական հարթությունում եւ ներհայկական քաղաքական համատեքստում, դրանք անհրաժեշտ պայման են, որ արձանագրությունները ներկայացվեն խորհրդարան»,- ասել է Մինասյանը:
Նրա խոսքով, նման իրավիճակ էր ստեղծվել, երբ թուրքական կառավարությունն արձանագրությունները ներկայացրել է իր խորհրդարանում: «Խորհրդարանին ներկայացված կից փաստաթղթում խոսվում էր այնպիսի փաստերի մասին, որոնք կարելի էր չհամապատասխանող համարել, բայց Երեւանում դա գնահատվեց որպես արձանագրություններն ավելի ձեռնտու լույսի ներքո ցուցադրելու փորձ»:
«Մյուս կողմից պետք է հասկանալ, որ թուրքական կողմը փորձելու է օգտագործել ցանկացած պատրվակ, տեղին կամ անտեղի, որ գոնե ձգձգի վավերացման գործընթացը»,- նշել է փորձագետը եւ հավելել. «Վավերացումից հրաժարվելու համար Թուրքիան պետք է ավելի լուրջ փաստարկներ ներկայացնի: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը բացառապես քարոզչական է, եւ այն լուրջ չի կարելի ընդունել»:




























