Եթե Հայաստանի իշխանությունները չդադարեցնեն իրենց հակահայ գործունեությունը, Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող, Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները կկանխեն այն ոչ ստանդարտ ձեւերով:

Ըստ Սեֆիլյանի, այն, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղի կրագավորման գործընթացում, միանգամից չսկվեց, այլ 2000թ.-ից: «Մենք միշտ կռահել ենք, խոսել ենք մադրիդյան այս սկզբունքների մասին, իսկ իշխանությունները հերքել են, բայց պարզվեց, որ ճիշտ ենք»,- նշեց Սեֆիլյանը՝ արձանագրելով, որ հրապարակված վեց կետերից ամենամտահոգիչը տարածքների զիջման մասին կետն է: «Մյուսների մասին խոսելն իսկ անմիաստ է: եթե հայերը չեն վերահսկելու ազատագրված տարածքները, ոչ Արցախ է լինելու, ոչ Հայաստան»,- ասաց Սեֆիլյանը եւ հավելեց, որ պատերազմում հայերի տարած փայլուն հաղթանակից հետո աշխարհաքաղաքական կենտրոնները որոշում կայացրին կասեցնել հայ ժողովրդի առաջխաղացումը, եւ դրա 1-ին վայրագ դրսեւորումը դարձավ 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդը. «Նրանց ձեռքին գործիք դարձած քոչարյանա-սերժական ռեժիմը պառակտեց մեր ազգը, վերացրեց քաղաքական դաշտը: Նրանց նպատակը մեկն է՝ այս տարածքում Հայաստան չպետք է լինի: Հակահայ այս ռեժիմը ձեռնոց է նետել ժողովրդին»:

Ազատամարտիկը նաեւ ցավ հայտնեց, որ իշխանությունները վարձում են մտավորականների, արվեստագետների,քաղաքական գործիչների (անգամ ընդդիմադիր դաշտից) որոնք քարոզում են, թե պետք է Ղարաբաղի հարցում գնալ զիջումների:

«Ես ուզում եմ խորհուրդ տալ Սերժ Սարգսյանին դադարեցնելու այս արշավը, որ սկսել է հայ ժողովրդի դեմ: Եթե նա այս խորհուրդս չկատարի, մենք եկող օրերին փորձելու ենք կանխել այս արշավը ինչ որ չափով, ոչ ստանդարտ ձեւերով»,- խոստացավ Սեֆիլյանը, իսկ հարցին, թե որոնք են այդ ձեւերը, պատասխանեց. «կանենք, կիմանաք»:

Ի դեպ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանը չի ընդունել Մադրիդյան փաստաթուղթը: «Ես համաձայն չեմ, որ նալբանդյանները հրաժարվել են սկզբունքներից: Տեսեք, թե ոնց են քարոզելու, որ պետք է զիջումների գնալ: Վիժեցնելու ենք իրենց ծրագիրը եւ ունենալու ենք դավաճանների մի ցուցակ, որոնց նկատմամբ հաշվեհարդար ենք տեսնելու»,- վճռական նշեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա անդրադարձավ քաղաքական մի շարք ուժերի կողմից Նալբանդյանի հրաժարականը պահանջելու փաստին: «Դա զավեշտ է: Նալբանդյանը կամակատար է: Բոլորն էլ գիտեն, որ արտաքին քաղաքականությունն իրականացնում է Սերժ Սարգսյանը: Մոլորեցնում են ժողովրդին: Եթե իրենք անկեղծ են, պիտի պահանջեն նախագահի հրաժարականը»,- արձանագրեց Հայ կամավորականների համախմբման համակարգողը: