Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում գտնվող Ավստրիայի կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին: «Շնորհակալություն յուրաքանչյուրիդ` ձեր ջանքերի համար, որ գործադրում եք մեր երկիրն Ավստրիայում ավելի ճանաչելի դարձնելու, հայագիտական հետազոտություններին աջակցելու եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Վստահ եմ, որ Արցախում ձեզ մեծ բացահայտումներ են սպասում` Արցախը, իհարկե, Հայաստան է, բայց հատուկ Հայաստան»,- դիմելով հյուրերին` նշել է Արմեն Աշոտյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`  Ավստրիայի գիտության եւ մշակույթի նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար Ալոիս Զյոհնին նշել է, որ այցելության նպատակը Հայաստանի պատմությանը եւ  մշակույթին ավելի խորությամբ ծանոթանալն է` ընդգծելով, որ ավստրիացիները Հայաստանի մշակույթին ծանոթ են նախեւառաջ Վիեննայի Մխիթարյան միաբանության միջոցով:

Ավստրիայի գիտության եւ մշակույթի նախկին նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին իր խոսքում կարեւորել է կրթության, գիտության եւ հետազոտությունների ոլորտներում հայ-ավստրիական կապերի ընդլայնումը:

Հանդիպման ավարտին կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի եւ հայանպաստ գործունեության համար Ավստրիայի գիտության եւ մշակույթի 1995-2007թթ. նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին եւ նույն նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար պարոն Ալոիս Զյոհնին նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»: