Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման,  զբոսաշրջության զարգացման հեռանկարների եւ համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի եւ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած  հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաեւ Իլ դը Ֆրանսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ  առկա ամուր բարեկամական եւ գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ եւ նպաստել համատեղ ծրագրերի իրականացման` մասնավորապես մշակության  ժառանգության պահպանման համար:

«Երեւանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ  հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է եւ դրանով է պայմանավորված դեպի Երեւան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաեւ մեր գործընկերների աջակցությունը»,-նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ այս տարի Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը եւս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամաշակութային ժառանգության պահպանման եւ զբոսաշրջության զարգացման բնագավառում:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, «Էերեբունի-Երեւան 2794» տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների եւ շրջելով մայրաքաքում` նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ եւ պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել  եւ արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երեւանի պատմամաշակութային ժառանգությունը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երեւանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ եւ ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ կազմակերպել մասնագետների փոխայցեր: