Լուգանսկի քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը կազմում է 16 մարդ: Ուկրաինայի ԱԻՆ տվյալներով, փրկարարները ավերված շինության փլատակների տակից հանել են եւս 8 հոգու դիակներ:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, վկայակաչելով Ուկրաինայի ԱԻՆ Լուգանսկի մարզի վարչությանը, զոհերի թվում 9 հիվանդ է, մեկ այցելու եւ հիվանդանոցի վեց աշխատակից՝ վերակենդանացման բաժնի վարիչը, մի բժիշկ, երկու բուժքույր եւ երկու փականագործ:
Եւս վեց տուժած գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երկուսի վիճակը ծանր է:
RBC-ի տվյալներով, հարուցված քր.գործի շրջանակներում նախօրեին ձերբակալվել է հիվանդանոցի տեխնիկական բաժնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 18-ին՝ ժամը 9-ին, հինգհարկանի շենքի վերակենդանացման բաժնում: Նախնական տվյալներով, տեղի ունեցածի պատճառն անվտանգության կանոնների խախտումն է, թթվածինը քաշում էին մի տարայից մյուսը հենց վերակենդանացման բաժնում:




























