Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարը զանգել է Թուրքիայի իր գործընկերոջը եւ հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ։

Դավութօղլուն իր հայ գործընկերոջը հայտնել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ին ընդունած որոշման մեջ կան անընդունելի նախապայմաններ։ Դավութօղլուն հայտնել է նաեւ, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրությունների ոգուն եւ նույն վճռականությունն է ակնկալում նաեւ հայկական կողմից։ Ըստ Դավութօղլուի՝ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրք հասարակության մեջ սկսել են իրազեկման քաղաքականություն եւ արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան, իսկ հայկական կողմը դեռ խորհրդարան չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության մասին, հակասում է «արձագրությունների ոգուն եւ բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան հայտնել էր, որ մտադիր է զանգել Ահմեդ Դավութօղլուին՝ իր տարակուսանքը հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ, եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին: «Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- ասել էր նա: