Վրաստան ու Ուկրաինան այս պահին դեռևս պատրաստ չեն անդամակցելու եվրատլանտյան դաշինքին` ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ով օգոստոսի 1-ին վայր է դնելու իր լիազորությունները:

«Միայն ցանկությունը ավտոմատ կերպով իրավունք չի տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է Սխեֆերը, ընդգծելով, որ այդ երկրների ներքաղաքական իրվիճակը չի համապատասխանում եվրաատլանտյան ծրագրերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ դաշինքի անդամ դառնալ ցանկացող երկրները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի բոլոր պահանջներին, «իսկ այսօր ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Վրաստանը դրան պատրաստ չեն»: Նկատենք, որ Սխեֆերի այս մեկնաբանությունը հաջորդել է մեդիա սկանդալին, երբ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասել էր, թե Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը «մեռած են», իսկ ավելի ուշ հայտարարել էր, թե պարբերականը իրենից ներողություն է խնդրել, իր բառերն աղավաղելու համար։