ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը կոնկրետացրել է, թե որ դեպքում ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից: «Կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը հնարավոր է այն տարբերակով, երբ թուրքական կողմը պաշտոնապես բարձրաձայնի եւ հայկական կողմն ընդունի, թե մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի, նոր միայն հայ-թուրքական հարաբերությունները կա՛մ կկարգավորվեն, կա՛մ սահմանները կբացվեն։ Եվ եթե հանրապետական կուսակցությունն այդ գիծը որդեգրեց, և իրենք այս նախապայմանն ընդունելով՝ Ազգային ժողովում մտցրեցին վավերացման հարցը, կարծում եմ՝ „Բարգավաճ Հայաստանը“ դեմ կքվեարկի և կոալիցիայում իր լինելու աննպատակահարմարության հարցը կբարձրացնի»,- հունվարի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել է Խաչիկ Գալստյանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, որտեղ վերջիններս ընդգծել էին, թե չպետք է կապել հայ-թուրքական զարգացումները ԼՂ խնդրի հետ: «Այդ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները ևս մեկ անգամ եկան հաստատելու հայկական դիրքորոշումը, որ իսկապես հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության գործընթացներն այնքան բարդ են, որ ուղղակի հրաշք պետք է լինի, որպեսզի այդ երկու գործընթացներն այնպես կապակցես, որ կարողանաս երկուսից էլ դրական ելքերով դուրս գալ»,- ասաց նա, ընդգծելով, որ մեծ ակնկալիքներ չկան Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից: