ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2009թ.-ի հաշվետվությունում ասվում է, որ անցած տարվա ընթացքում գերատեսչության առջեւ դրված գերակա խնդիրներն են եղել հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտների բարեփոխումները, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը, ինչպես նաեւ միջին մասնագիտական կրթության զարգացումը։

Հանրակրթության ոլորտի 2009-ի հիմնական ձեռքբերումը, նախարարության հաշվետվության համաձայն, ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր։ Հանրակրթության ոլորտի բարեփոխումներում 2009-ն առանցքային է եղել նաեւ 12-ամյա կրթակարգի վերջնական փուլի ներդրմամբ, համապատասխան դասագրքերի հրատարակմամբ եւ ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպմամբ։

2009թ. շարունակվել է «Համակարգիչների շահառու հիմնադրամի» միջոցով դպրոցների համակարգիչների եւ համակարգչային սարքավորումների տրամադրումը։ Մշակվել եւ հաստատվել է «ՀՀ ցկյանս ուսումնառության հայեցակարգը», որը հիմք է ծառայելու ՀՀ ցկյանս ուսումնառության բնագավառի օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ նախաձեռնությունների համար։ Աշխատանքներ են տարվել նաեւ կրեդիտային համակարգի կատարելագործման, ինչպես նաեւ կրթության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղություններով։