Իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Այդ մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեի խոսքով Իրանը, որպես ատոմային զենքի չտարածման համաձայնագրի անդամ, ինչպես պարտավորություններ, այնպես էլ միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակով զարգացնելու իրավունքներ ունի:

«Այն անվստահությունը, որ կա միջազգային հանրության եւ Իրանի միջեւ՝ տվյալ հարցում, խանգարում է Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի (ԱԷՄԳ) համագործակցությանը: Տվյալ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական բանակցությունների ճանապարհով, ինչը բխում է բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի շահերից»,- ասել է Վաշաձեն:

Վաշաձեն նաեւ հերքել է Tehran Times թերթում հրապարակված տեղեկատվությունը, թե ներողություն է խնդրել Իրանի քաղաքացուն ԱՄՆ-ին հանձնելու համար, եւ նշել է, թե դա չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: Հիշեցնենք, որ համաձայն իրանական պարբերականի՝ Վաշաձեն այցի ընթացքում իբր քաղաքացու հանձնումը պայմանավորել էր «անցանկալի քաղաքական իրավիճակով»:

Tehran Times-ի տվյալներով, իրանական պաշտոնյաները այդ քայլի համար քննադատել են Թբիլիսիին, իսկ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին այն «Վրաստանի կողմից սխալ քայլ է» անվանել:

Հիշեցնենք, որ Իրանի քաղաքացի Հոսեյն Արդեբիլը ձերբակալվել էր 2007թ. Թբիլիսիում եւ ուղարկվել ԱՄՆ: Նա մեղադրվում էր ռազմական ինքնաթիռների համար դետալներ գնելու փորձի մեջ: