Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է հղել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել լրագրող Էյնուլլա ֆաթուլաեւին:

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները նամակը հանձնել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատուն: Նամակը ստորագրել են ավելի քան 5 հարյուր լրագրողներ, որոնք նախագահ Ալիեւին կոչ են անում անկախ եւ ազատ մամուլի նկատմամբ իր քաղաքականության մեջ նոր էջ բացել՝ ազատություն շնորհելով Էյնուլլա Ֆաթուլաեւին:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», CPJ ղեկավար Ջոել Սայմոնը հայտարարել է, որ ժողովրդավարությունն, առանց կենդանի, ազատ մամուլի, գոյություն չունի:

Էյնուլլա Ֆաթուլաեւը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ազգային խտրականության, ահաբեկչության եւ հարկերից խուսափելու մեղադրանքով: Կազմակերպությունը պնդում է, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են եւ արդար դատավարության կոչ է անում:

CPJ-ն ադրբեջանական կառավարությանը մեղադրում է, որ նա վրեժ է լուծում լրագրողից 2005թ. Էլմար Հուսեյնովի սպանության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելու մասին հոդվածի համար: