Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են որպես լավագույններ:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: «Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը: Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը: Ես դրանում կասկած չունեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ, պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով:
Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել երկրի ղեկավարին` մշակույթի բնագավառին պետական մակարդակով ցուցաբերվող շարունակական աջակցության համար:




























