Նախօրեին՝ հունվարի 20-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանի ԳԱԶ-3110 մակնիշի մեքենան: Վերջինս բարեբախտաբար մեքենայում չի եղել, հրդեհը նկատելով՝ հիվանդանոցի աշխատակիցները հասցրել են արագ հանգցնել այն: Մեքենան այրվել է մասնակիորեն:

Հիշեցնենք, որ Մարտունիում, ինչպես գրել էր NEWS.am-ը, ահաբեկչություններ էին տեղի ունեցել մոտ մեկ ամիս առաջ: Դեկտեմբերի 30-ի գիշերը անհայտ անձինք ջարդել էին քաղաքապետի գնդապետ եղբոր մահարձանը, որից օրեր առաջ էլ դարձյալ անհայտ անձինք պայթեցրել էին Մարտունու հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանին պատկանող սուպերմարկետը: Խանութն ամբողջությամբ հողին էր հավասարվել, կոտրվել էին մերձակա բարձրահարկ շենքերի ապակիները, իսկ պայթյունի ձայնից ահաբեկվել էր գրեթե ողջ բնակչությունը: Ահաբեկչության նոր ալիքի հետեւանքով, բարեբախտաբար, ոչ մի զոհ չի եղել: