Արմավիրի մարզի բնակչուհի 27-ամյա Սուսաննան /անունը փոխված է/ ամուսնության առաջին գիշերը սիրո փոխարեն տառապանքների է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սուսաննան:
«Նա ինձ ծեծում էր եւ բացատրություն պահանջում, թե ո՞ւմ հետ եմ կապված եղել: Ես լաց էի լինում, ցույց էի տալիս իմ կուսության ապացույցը, ասում, որ ինքն է իմ կյանքի առաջին տղամարդը, բայց ոչինչ չէր օգնում»,- մանրամասնեց Սուսաննան: Առավոտյան անգիտակից վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց: Ամուսինն արդարանալու փոխարեն զրպարտել է Սուսաննային եւ նրա քույրերին: «Ասում էր, որ ես խանութում եմ աշխատել եւ կապված եմ եղել խանութի վարիչի հետ, որն էլ ինձ հետ այլկերպ է կենակցել եւ, այդ պատճառով էլ կուսությունս պահպանվել է: Հետո քույրերիս ամուսինների մոտ քույրերիցս սկսեց չարախոսել: Նրանցից երկուսի խելքն այնպես առավ, որ լքեցին իրենց ընտանիքները` անչափահաս երեխաներին թողնելով քույրերի խնամքին: Միայն մեծ քրոջս ամուսինն ականջ չդրեց նրա չարախոսությանը»,- ավելացրեց Սուսաննան:
Ամուսնուց հեռանալուց որոշ ժամանակ անց Սուսաննան իմացել է, որ նախկին ամուսինը թմրադեղեր է օգտագործում, իսկ մեկ տարի անց թմրադեղերի բարձր չափաբաժին ընդունելու պատճառով մահացել է: «Հիմա խուսափում եմ մարդկանց հետ շփվելուց, քույրերիս առջեւ ինձ մեղավոր եմ զգում, քանի որ իմ սխալ ընտրության պատճառով նրանք էլ դժբախտացան»,- նշում է Սուսաննան, ով դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ մեծ աջակցություն ստացել:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:





























