«Մարտի 1-ին իշխանությունը սպանդ իրականացրեց, ամեն ինչ շիլա-փլավ սարքեց եւ հետո էլ հետապնդումների շարք սկսեց մի շարք մարդկանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ»,- հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նշելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Ն. Փաշինյանի գործն «աննախադեպ էր` իր ողջ էությամբ»՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ նրան 7 տարի ազատազրկման դատապարտելու փաստն ակնհայտ պատվեր էր «Ո՞վ գիտի, թե ինչ փչեց Մնացական Մարտիրոսյանի մտքին, որ նա նախատեսվածից դեռ մեկ տարի էլ ավել տվեց Փաշինյանին»,- նկատեց նա՝ ավելացնելով, թե իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի անազատության մեջ օր ավել պահեն ընդդիմության ներկայացուցիչներին։

Անդրադառնալով փաստին, որ ՀԱԿ-ը Փաշինյանի հանդեպ կայացրած դատավճռի հանդեպ հստակ դժգոհություն չարտահայտեց եւ չբարձրաձայնեց իր տեսակետի մասին, Ալ. Արզումանյանը հայտարարեց, որ Կոնգրեսն իր առջեւ կոնկրետ պայքարի նպատակ այդ առիթով չի դրել. «Դժգոհության մեծ ալիք հնարավոր է միայն համապետական ընտրություններից հետո, իսկ լոկալ ընտրությունների դեպքում քիչ հավանական է»,- եզրափակեց նա։