ՀՀ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Ռ.Ա-ն, ով միաժամանակ վարորդ է հանդիսացել  աթոռը նետել է իր պետի ուղղությամբ: 27-ամյա պետն էլ` Ա.Պ-ն իր հերթին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հրել է վերջինիս կրծքավանդակի շրջանին` վայր գցել մահճակալին` անպարկեշտ ձեւով ստորացնելով  նրա պատիվն ու արժանապատվությունը: Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է  իրենց մետ:

Ռ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ N զորամասի 2-րդ մարտկոցի 2-րդ հաշվարկի վարորդ, կոչումով շարքային, 2012թ. օգոստոսի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում ուսումնական հրաձգարանի վրանային ավանի վրաններից մեկում, ծառայողական պարտականությունները կատարելու` իր զանցանքի եւ զինվորականին ոչ վայել պահվածքի վերաբերյալ վերադասին զեկուցելու կապակցությամբ, վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող` նույն մարտկոցի կրակային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Պ-ի հետ: Նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով, բռնություն գործադրելու նպատակով, զինվորական աթոռակը նետել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում զինվորական աթոռակը դիպչել է ավագ լեյտենանտ Ա.Պ-ի զինվորական կիսաճտքավոր կոշիկի ոտնաթաթի սկզբնամասին, որի հետեւանքով վերջինիս մարմնական վնասվածք, կամ ֆիզիկական ցավ չի պատճառվել:

Այսինքն` Ռ. Ա-ը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր.օրի  358 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:

Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: 27-ամյա  Ա.Պ-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ  N զորամասի 2-րդ մարտկոցի կրակային դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2012թ. օգոստոսի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում  ուսումնական հրաձգարանի վրանային ավանի վրաներից մեկում, ծառայողական պարտականությունները կատարելու` զանցանքի եւ զինվորականին ոչ վայել պահվածքի կապակցությամբ, վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող` նույն մարտկոցի 2-րդ հաշվարկի վարորդ, շարքային Ռ.Ա-ի հետ եւ սեռական բնույթի հայոյանքներ տալով, ոտքով հրել է վերջինիս կրծքավանդակի շրջանին` վայր գցել մահճակալին` անպարկեշտ ձեւով ստորացնելով շարքային Ռ. Ա-ի պատիվն ու արժանապատվությունը:  Այսինքն` Ա. Պ-ը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 360 հոդվածի 2-րդ մասով` զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 30-ին: