Թուրքիայում այսօր՝ հունվարի 21-ին տեղի է ունենալու նախարարների խորհրդի նիստ։ Թուրքական Hurhaber կայքէջի փոխանցմամբ՝ նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սպասվում է, որ օրակարգում քննարկման թեմա է լինելու ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Հայաստանի ՍԴ ընդունած որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության մասին, հակասում է «արձագրությունների ոգուն եւ բովանդակությանը եւ անընդունելի նախապայմաններ են պարունակում»: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չփոխվի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Նալբանդյանը զանգել էր իր թուրք գործըներոջը՝ Ահմեդ Դավութօղլուին՝ իր տարակուսանք հայտնելով թուրքական կողմի հայտարարությունների վերաբերյալ եւ նկատելով, որ թուրքական կողմն է փորձում ձգձգել արձանագրությունների վավերացումը:




























