Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Euronews հեռուստաընկերության թղթակիցը՝ Լաուրա Դավուդեսկուն եղել է ճակատային շրջաններում՝ Թարթառի եւ Աղդամի շրջաններում, հանդիպել տեղի ադրբեջանցի բնակիչների հետ, նկարահանումներ կատարել զորամասերից մեկում եւ "խոստացել է եվրոպական լսարանին ներկայացնել ողջ ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այդ փաստը՝ նշեց. «Զարմանալի է, որ լինելով միայն ադրբեջանական կողմում, Euronews-ի պես հեղինակավոր լրատվամիջոցի թղթակիցը խոսում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ամբողջ ճշմարտությունը եվրոպացիներին տեղեկացնելու մասին: Հակամարտության մասին ճշմարտությունն իմանալու համար թղթակիցը, եթե հարգում է լրագրողի էթիկայի տարրական կանոնները, պարտավոր է նկարահանումներ կատարել նաեւ ԼՂՀ-ում, այցելել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված բնակավայրեր, ծանոթանալ տեղի հայ բնակչության տեսակետներին եւ դրանք նույնպես ներկայացնել եվրոպական լսարանին»:
Ըստ Աթանեսյանի՝ ցավալի է, որ «համաեվրոպական հեռուստաընկերությունը նման կողմնակալ թղթակից է գործուղել տարածաշրջան»: «Հույս ունեմ, որ Euronews-ի ղեկավարությունը, հարգելով իր իսկ որդեգրած չեզոքությունը, կապահովի, որ ԼՂՀ-ն եւս հնարավորություն ունենա իր տեսակետները ներկայացնել ղարաբաղյան շարժման եւ դրա լուծման ուղիների մասին»,- բարձրաձայնեց ղարաբաղցի խորհրդարանականը:




























