Նստակյաց կյանքով ապրող մարդկանց շրջանում ուսումնասիրություններից հետո կանադացի գիտնականները եզրակացրել են, որ ֆիզիկական ակտիվ վարժությունները բարձրացնում են ինտելեկտը: Ուսումնասիրողները կամավորների խմբին ֆիզիկական ակտիվ վարժանքների են ենթարկել եւ հայտնաբերել, որ դրանից նրանց մտածելու եւ արագ որոշումներ կայացնելու կարողությունն զգալի աճել է: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերաբերյալ ամենամյա կոնգրեսի ընթացքում:

Սպորտով զբաղվելու ընթացքում կարգավորվում է ուղեղի սնուցումը, բացատրում են գիտնականները:  Որպես կամավորներ նրանք ընտրել են ավելորդ քաշ ունեցող միջին տարիքի նստակյաց մարդկանց մի խումբ: Փորձարկումից առաջ բոլոր մասնակիցները նյարդահոգեբանական թեստեր են անցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթը 2 անգամ մասնակիցները հատուկ վարժություններ են կատարել: 4 ամիս անց բոլոր մասնակիցների քաշը բավական նվազել էր, ինչը սպասելի էր:

Սակայն ըստ հետազոտության հեղինակների, ամենահետաքրքիրրն այն էր, որ մասնակիցների ճանաչողական կարողությունները քաշի կորստին զուգահեռ աճել էին: Ինչքան շատ են մարդիկ սպորտով զբաղվել եւ քաշ կորցրել, այնքան ավելի խելացի են նրանք դարձել: 

Գիտնականները նշում են, որ ինտելեկտուալ գործառույթների նվազեցումը ծերացման գործընթացի անբաժանելի մասն են, սակայն ֆիզիկական վարժությունները կարող են  փրկել ոչ միայն ինսուլտից կամ ինֆարկտից, այլեւ կօգնեն պահպանել  մտքի հստակությունը: