Եվրամիությունը արտերկրում իր 136 ներկայացուցչություններից 54-ը ձեւափոխել է դեսպանատան տիպի առաքելությունների՝ նրանց ավելի լայն արտոնություններ ընձեռելով:
Ինչպես հաղորդում է euobserver.com կայքը, բարեփոխումների շրջանակում արտերկրում ԵՄ 54 գրասենյակների համակարգերը կդառնան ԵՄ յուրօրինակ դեսպանություններ եւ կարող են հանդես գալ ԵՄ բոլոր պետությունների անունից: Այդ երկրնրի շարքում են Հայաստանը, Շվեյցարիան, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Մակեդոնիան, Սերբիան եւ այլն:
Աղբյուրի տվյալներով, երկրների ցանկը կազմվել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից՝ Եվրամիության երկրների հետ խորհրդակցությունների արդյունքում:
Ներկայացուցչությունների վերափոխումը իրականացվում է Լիսաբոնյան պայմանագրով, որը նախատեսում էր նոր արտաքին քաղաքական կառուցվածքի ստեղծում: Համաձայն նոր օրենքների, ներկայացուցչություններին նոր լիազորություններ են տրվում, որ առաջ իրացվում էին ԵՄ-ում նախագահող երկրների դեսպանությունների միջոցով:
Ներկայացուցչությունների ղեկավարները կարող են հանդես գալ ողջ ԵՄ անունից, սակայն նրանց հայտարարությունները պետք է հավանության արժանան ԵՄ 27 անդամների կողմից՝ Բրյուսելյան հանդիպումներում:
Ինչպես հունվարի 20-ին Մոսկվայում հայտարարել է Իսպանիայի դեսպան Խուան Անտոնիա Պուոլը, երկրների նախագահությունը պահպանվելու է, սակայն դրա շրջանակներում իրացվելու է միայն ներքին քաղաքականությունը: Իսկ Եմ կազմում չընդգրկված երկրների հետ հարաբերությունները կանցնեն ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության Գերագույն հանձնակատարի լիազորությունների տակ:




























