«ՀՅԴ-ն հենց սկզբից ասում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք էր մերժել կամ վավերացնել վերապահումներով. ճիշտ է՝ դրանք չմերժվեցին, սակայն Սամանադրական դատարանն իր կայացրած որոշմամբ հաստատեց, որ արձանագրություններում նախապայմանններ կան»,- հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նշելով, որ ՍԴ որոշման հետ կապված՝ թուրքական կողմի արձագանքը սպասելի էր, նա, սակայն, զարմանք հայտնեց, որ ՀՀ քաղաքական մի շարք գործիչներ «փորձում են նսեմացնել ՍԴ որոշման նշանակությունը եւ թուրքերին չքմեղանալու համար ասում են, որ դա ներքին օգտագործման հարց է»:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ իր հերթին նկատեց, որ ՍԴ որոշումը սառը ցնցուղ էր բոլորի, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի համար։ «Ես, սակայն, չեմ կիսում այն միտքը, թե ՍԴ-ն իր որոշմամբ հաստատեց, թե արձանագրություններում նախապայմաններ կան։ ՍԴ-ն միայն հաստատեց, որ արձանագրությունների հիմնական նպատակը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ սահմանների բացումը»,-ընգծեց հանրապետական պատգամավորը՝ ավելացնելով, որ եթե անգամ ՍԴ-ում արձանագություններին «այո» չասվեր, Թուրքիան, գործընթացը ձգձգելու համար, կկառչեր մեկ այլ բանից։
Հարցին, թե երկու կողմերից (հայկական եւ թուրքական) ո՞ր մեկն է ներկա դրությամբ առավել շահեկան դիրքերում, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ մենք ի սկզբանե պարտված ենք եղել եւ կորուստները կփոխհատուցվեն միայն այն դեպքում, եթե Թուրքիան առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները։ «Իսկ ընդհանրապես, ՍԴ որոշումը ՀՅԴ-ն այս փուլի համար բավարար է համարում, բայց ոչ երբեք՝ վերջնական արդյունքի համար»:
Գագիկ Մինասյանն, ընդհակառակը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանը, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, բավական շահեկան դիրքերում է եւ միջազգային բարձր վարկանիշ ունի։




























