Միջազգային քրեական դատարանի քննչական խումբը փետրվարի սկզբին կժամանի Վրաստան՝ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական հակամարտության սկսվելու հանգամանքները քննելու համար, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Քննչական խմբի աշխատանքը, պարբերականի տվյալներով, ընթանալու է համաձայն Ռուսաստանի Հաագա ներկայացրած դիմումի, նաեւ որոշ փաստեր վերաքննելու անհրաժեշտությամբ, որոնք իրենց արտացոլումն են գտել Եվրամիության հանձնաժողովի զեկույցում, որն աշխատել է Հայդի Տալյավինի ղեկավարությամբ:

Ինչպես «ՆԳ»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը, Հաագայի քրեական դատարանի քննչական խմբի այցը սպասելի եւ օրինաչափ է. «Ռուսաստանի կողմից բազմաթիվ դիմումներ են եղել, որը կարծում է, որ անհրաժեշտ է գտնել պատերազմի իրական մեղավորներին»:

Թերթի զրուցակցի խոսքով, խումբն այցելելու է նաեւ Մոսկվա. «Ռուսաստանյան կողմը պատրաստ է ներկայացնել ցանկացած տեղեկատվություն եւ պատասխանել միջազգային դատարան ներկայացված դիմումների հետ կապված հարցերին»: