Հունվարի 25-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տեւում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ը ներառյալ: Ավանդության համաձայն` Խոր Վիրապից ելնելուց հետո Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, «65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել»:
Ինչպես հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը, Պահքը տեւում է 5 օր, որովհետեւ «մարդ հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել»:
Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչեւ ուրբաթ ներառյալ: Դրան, շաբաթ օրը, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը: Սակայն Պահքը այս տոնի հետ որեւէ առնչություն չունի:




























