Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հորդանանի իր գործընկերոջ հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Սահմանդրական դատարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ պետք է պահպանվեն արձանագրությունների տառն ու ոգին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Արձանագրությունների վավերացման գործընթացում, իհարկե, Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է իրավական հղումներ անել՝ որոշելու արձանագրությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սակայն մեզ համար կարեւոր է, որ պահպանվեն արձանագրությունների տառն ու ոգին։ Իսկ Սահմադրական դատարանի որոշումը արձանագրությունները բաժանում է մի քանի հատվածների, որոշում դրանց հերթականություն, առաջնային եւ երկրորդական աստիճանում քայլերի հերթականությունը՝ ինչը չի համապատասխանում արձանագրություններին։
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մանրամասն ուսումնասիրել ենք։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը սկսեցինք դրական հեռանկարներով։ Այդ տեսլականում մենք նպատակ դրեցինք ամենալայն շրջանակներում կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, եւ ստորագրված արձանագրությունները այդ նպատակի շրջանակներում էր։
Մենք այսօր էլ շարունակում ենք հավատարիմ մնալ ստորագրված արձանագրությունների ոգուն, քանի որ Թուրքիան այս խնդրում վճռական է, ունի ուժեղ քաղաքական կամք։
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի իմ գործընկերոջ հետ եւ հայտնել մեր անհանգստություն՝ ՍԴ-ի որոշման հետ կապված։ Սակայն մենք այս խնդրի շուրջ Հայաստանից ավելի պարզ եւ հստակ պարզաբանում ենք ուզում։ Ես այսօր կկապվեմ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչպես նաեւ այս բանակցություններում միջնորդ Շվեյցարիայի պատասխանատուների հետ եւ կհաղորդեմ մեր անհանգստությունները։
Մեր ամենակարեւոր նպատակն է, որ առանց իրավական վնասների եւ ձգձգումների, ամբողջ ընթացքով գործընթացը շարունակվի եւ հասնի լիակատար կարգավորման։ Թուրքիան ունի այդ քաղաքական կամքը շարունակելու այն, սակայն անհրաժեշտ է, որ արձանագրությունները չփոփոխվեն։ Մենք այս խնդրում սպասում ենք ավելի պարզ բացատրության եւ շարունակելու ենք մեր բանակցությունները։ Հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։




























