Միակը, որ Ռուսաստանին կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, դա կողմերի խնդրանքով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այդ արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցելն է: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ այդ գործընթացը սկսվել է երկու պետությունների կողմից «առանց որեւէ հուշումների»:
«Մենք կողմ ենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Մենք դեմ ենք ցանկացած գործընթացների արհեստական շաղկապմանը: Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն իրենց հարաբերությունները, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորվի, եւ դա բխում է հայկական եւ ադրբեջանական ժողովուրդների շահերից»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով, թե մի, թե մյուս հարցը շատ-շատ բարդ են, այդ պատճառով էլ իրավիճակը պահանջում է գործել հավասարակշռված եւ հենվել նախկինում ձեռքբերվածի վրա:
«Ռուսաստանն ամեն կերպ նպաստելու է դրան, բայց, կրկնվեմ, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից: Առաջին հերթին, դա կախված է այն պետություններին, ովքեր անմիջականորեն խառնված են հայ-թուրքական մերձեցման, կամ ղարաբաղան հակամարտության մեջ»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:




























