Բուլղարիայի կառավարության անդամ եւ անպորտֆել նախարար Բոժիդար Դիմիտրովը, որ զբաղվում է արտերկրում բուլղարների հարցերով, Նոր տարվա նախաշեմին Թուրքիայից փոխհատուցում է պահանջել, որը, նրա խոսքով, կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար: Այդ փոխհատուցումն այն տեղահանման համար է, որին ենթարկվել են բուլղարները Օսմանյան կայսրության օրոք: Հակառակ դեպքում նա սպառնացել է, որ Բուլղարիան արգելափակելու է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է California Courier պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանը: Սասունյանը նշել է, որ «1923թ. հիմնադրված թուրքական հանրապետությունը, պատասխանատվություն է կրում Օսմանյան կայսրության գործողությունների համար: Համաձայնագրում, որ ստորագրվել է 1925թ., Թուրքիան պարտավորվել է Բուլղարիային փոխհատուցում վճարել: Այուհանդերձ, Բուլղարիան դեռ ոչ մի ցենտ չի ստացել»:
"Սասունյանը նշում է, որ «չկա խաղաղություն առանց արդարության: Ոչ մի մերձեցում՝ առանց փոխհատուցման: Հայերը բուլղարների պես պիտի փոխհատուցում պահանջեն: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան եւ Հոլանդիան, կտրականապես դեմ են Թուրքիայի անդամակցությանը: Բացի այդ, նա պետք է բաց սահմաններ ունենա հարեւանների հետ: Այնուհանդերձ, անկախ նրանից, թե ինչ ճակատագիր կունենան արձանագրությունները, Թուրքիան, միեւնույնն է, չի կարող մտնել ԵՄ…»:




























