«Հայաստանի նախագահի պաշտոնական էջը ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում հաքերներին հաջողվել է որոշ փոփոխություններ կատարել նախագահի պաշտոնական էջում: Հաքերային հարձակման հետեւանքները մի քանի ժամում վերացվել են, եւ այս պահին Նախագահի պաշտոնական կայքէջը գործում է անխափան: Այն վերցված է տեխնիկական լրացուցիչ վերահսկողության ներքո: Շարունակում ենք ուսումնասիրությունները` պարզելու հաքերային հարձակման մանրամասները»,- այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի համակարգչային ծառայությունների բաժնի վարիչ Լեոնիդ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ տեղադրվել էր նոր քարտեզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ներառված էին Հայաստանի Հանրապետության կազմում:

Իսկ http://www.kavkaz-uzel.ru/blogs/posts/3371-ում տեղադրվել է հայտարարություն, որտեղ անանուն հեղինակները հայտարարել էին, որ իրենք են հաքերային հարձակման հեղինակները՝ առանց մանրամասնելու իրենց ազգային պատկանելիությունը: