«Եթե ժողովուրդը ընտրություններում իր ձայնը տվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Արա Սիմոնյանին, ուրեմն ոչ ոք ոչինչ ասել չի կարող»,- հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Նրա կարծիքով, «հարաբերականորեն հանգիստ» անցած ընտրություններում, սակայն, Ն. Փաշինյանը քիչ ձայներ է հավաքել անազատության մեջ գտնվելու պատճառով։ «Ի վերջո պայմանները տարբեր էին, անհավասար էին»,- նշեց Ռ. Զոհրաբյանը։ "Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե Ն. Փաշինյանը հայի չկոտրվող տեսակ է, Զոհրաբյանը ասաց, որ «միայն դրական կերպով կարող է բնորոշել Փաշինյանին»՝ հիշելով, որ երբ իրեն էին դատում, ինքը եւս դիմում չի գրել, ներում չի հայցել։
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին հունվարի 19-ին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման: Փաշինյանը մեղադրվում էր քր.օր.-ի 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) հոդվածներով, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին հարվածել է մի ոստիկանի, իսկ 2008թ. մարտի 1-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ Մյասնիկյանի արձանի մոտ: Դատավորը Փաշինյանին արդարացրել էր 316-1 հոդվածով, իսկ 225-ով դատապարտել 7 տարվա ազատազրկման:




























