Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե «հայկական կողմի այն պնդումները, որ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական Օմբուդսմանների ինստիտուտին /EOI/ չի համապատասխանում իրականությանը»: Ավելին, Սուլեյմանովան վայրկյաններ անց հակասել էր ինքն իրեն՝ նշելով, որ իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը եւ փետրվարի 4-ի նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը:
Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ մեկ անգամ եւս վերահաստատել է, որ 2009թ-ի օգոստոսի 31-ին Եվրոպական Օմբուդսմանների ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է Եվրոպական Օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ:
ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորեցիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական Օմբուդսմանի ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ օմբուդսման Յուրի Հայրապետյանը։ Արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ՝ նա մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:
«Կարծում ենք ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը եւ Եվրոպական Օմբուդսմանների ինստիտուտին անդամագրվելու փաստը, ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է եւ վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,- ասված է հաղորդագրության մեջ:




























