Հայաստանում ճապոներենի նկատմամբ հետաքրքրությունն արագ աճում է, «ճապոնական բումը» դեռ նոր է սկսվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ճապոներենի դասախոս, հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» մշակութային կենտրոնի փոխնախագահ եւ ճապոներենի դասախոսների ասոցիացիայի անդամ Ռուզաննա Խոջիկյանը: Նա 10 տարի սովորել եւ աշխատել է Ճապոնիայում: 

Ճապոներենի դասախոսների ասոցիացիան ստեղծվել է 2011 թ.: Ասոցիացիայի նախագահն է Կարինե Քարամյանը` Հայաստանում ճապոներենի գործնականում առաջին դասախոսը:  «Պարզապես հասունացել էր Ասոցիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, անհրաժեշտ էր տեղ, որտեղ ճապոներենի դասախոսները կհանդիպեին, կփոխանակվեին փորձով, ուսանողների միջեւ զանազան մրցույթներ կանցկացնեին: Մենք համագործակցում ենք Ճապոնիայի դեսպանատան եւ Japan Foundation-ի հետ», - նշել է Ռուզաննա Խոջիկյանը:

Ճապոներեն սովորելու բարդությունը կախված է նպատակից, հստակեցրել է մասնագետը։ Նրա խոսքով՝ քերականությունը, եթե մի կողմ թողնենք հիերոգլիֆները, ամենաբարդերից չէ, իսկ հնչյունաբանության տեսանկյունից Ճապոներենը բավական հեշտ է, հատկապես հայերի համար։

 «Բայց ես կարծում եմ, եւ իմ ուսանողներին էլ միշտ ասում եմ, Ճապոներենը քերականություն չէ, տրամաբանություն է։ Պետք է լինի կամ զարգանա լեզվի ուսումնասիրման տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է մասնագիտական մակարդակին, իհարկե, դրան հասնելը բարդ է։ Անհրաժեշտ է նվազագույնը 3 հազար հիերոգլիֆ իմանալ՝ թերթ եւ գիրք ազատ ընթերցելու, եւ, իհարկե գրելու համար», - նշել է Ռուզաննա Խոջիկյանը։ Նրա խոսքով՝ արդի խնդիրն այն է, որ համակարգիչների հայտնվելուց հետո ճապոնացիներն իրենք, հիմնականում՝ երիտասարդները, մոռանում են հիերոգլիֆների գրելաձեւը, ուր մնաց՝ օտարերկրացիները։ «Հիերոգլիֆները լավ տարբերելու եւ հիշելու համար պետք է, իհարկե, սիրել լեզուն», - ամփոփել է Ռուզաննա Խոջիկյանը։