Ծաղիկների հետ աշխատանքի ճապոնական արվեստը` իկեբանան, իր արամատներով հասնում է միջնադար: Սակայն այսօր եւս այդ արվեստի վարպետներ եւ հետեւորդներ կան: Նրանցից մեկը ` Հիսակո Նայթոն արդեն մեկ տարի է, ինչ բնակվում է Երեւանում եւ ճապոներեն է դասավանդում Սլավոնական համալսարանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հիսակո սանը խոսեց Հայաստանից իր տպավորությունների եւ իկեբանայի նկատմամբ իր սիրո մասին:
Որքա՞ն ժամանակ է ինչ Երեւանում եք եւ ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները:
Նոյեմբերի 18-ին ուղիղ մեկ տարին կլրանա, ինչ Հայաստանում եմ: Տպավորությունները շատ լավ են, շատ ջերմ, եւ կարծում եմ դա պայմանվարված է նաեւ նրանով, որ Երեւանն ու երեւանցիները շատ բարյացակամ են: Ես ճապոներեն եմ դասավանդում, բայց երբ հնարավորություն է ստեղծվում` հաճույքով ցուցադրում եմ նաեւ իկեբանա արվեստի նմուշները: Հայ ուսանողները շատ տաղանդավոր են, հատկապես եթե հաշվի առնենք, որ իրենց ծրագրի շրջանակում նրանք միաժամանակ չինարեն եւ ճապոներեն են սովորում:
Կցանկանայի՞ք այստեղ իկենբանա արվեստ դասավանդել:
Լեզվի իմ դասերին մենք երբեմն շեղվում ենք, եւ ես իմ ուսանողներին ցույց եմ տալիս իկեբանայից որոշ բաներ: Կարծում եմ, հաճույքով կսովորեցնեի այդ արվեստն ավելի լայն շրջանակների, եթե հնարավորություն ունենայի: Ճապոնիայից ինձ համապատասխան նյութեր են ուղարկել, եւ հուսով եմ, դրանք ներկայանելու հնարավորություն կլինի: Այս ամսվա սկզբին Ճապոնական ֆիլմերի փառատոնին ներկայացվեցին օհարա- ռյու իկեբանայի նմուշներ` Հայաստանի դրոշի գույներով:
Հնարավո՞ր է սովորել իկեբանայի արվեստը, թե՞ դա դրված է մարդու մեջ:
Միակ պայմանը` ծաղիկներ սիրելն է: Իկեբանան արտացոլում է նրա ստեղծողի բնավորությունը: Ինչ վերաբերում է գործիքներին, ապա Ճապոնիայում դրանք մի փոքր տարբերվում են, Հայաստանում ընդունված է հատուկ սպունգ օգտագործել: Ճապոնիայում դա ասեղներով մետաղե տակդիր է` կենդզան:
Իկեբանայի արվեստն այնքան փխրուն է...
Իհարկե, ծաղիկները դրանք կենդանի էականեր են, եւ շատ ցավալի է, որ թառամում են: Այդ իսկ պատճառով արվեստի այս տեսակը ժամանակավոր է համարվում: Սակայն իկեբանայի վարպետներն ամեն օր ջանքեր են գործադրում` իրենց ստեղծագործության կյանքը երկարաձգելու համար. փոխում են ջուրը, կտրում են ցողունները: Այդ շփումը երջանկություն է պարգեւում իկեբանայի հեղինակին: Ի դեպ, իկաբանան ավելի երկար է ապրում, քան սովորական ծաղկեփնջերը: Մայրս նույնպես իկեբանայի վարպետ էր, նա է ինձ սովորեցրել այս արվեստը, մենք միասին զարդարում էինք տունը: Ծաղիկները ինձ հոբբի են նվիրել` արոմաթերապիա: Ի դեպ, չինական ֆեն շույը եւս ենթադրում է ծաղիկներով զարդարել տունը, հատկապես նախասրահը:
Ի՞նչ կմաղթեիք կանանց:
Կինը տանը ծաղիկ է: Նա տան գլխավոր զարդն է` ցանկացած կարգավիճակով` դստեր, կնոջ, մոր, տատի: Երբ կնոջ մեջ միաձուլվում են հոգեւոր գեղեցկությունը, ներդաշնակությունը, նրբագեղությունը` դա տան ջերմության ու ներդաշնակության հիմքն է դառնում:
Զրուցեց Մարիամ Լեւինան






























