Եթովպիական ավիաընկերությանը պատկանող, վթարի ենթարկված Բոինգ-737 ինքնաթիռի օդաչուն չի կատարել վերահսկող դիսպետչերական կետի հրահանգները, ինչն էլ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է AFP-ն, հղում անելով Լիբանանի պաշտպանության նախարարությանը, օդաչուն նախազգուշացվել է ամպրոպի մոտենալու մասին, սակայն անհայտ պատճառներով, ինքնաթիռը ուղղել է հենց ամպրոպի կենտրոն: Ականատեսի վկայությամբ, ծովն ընկնող ինքնաթիռը ամբողջությամբ կրակների մեջ է եղել: Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռին հարվածել է կայծակը:

Այսպիսով, ահաբեկչության, ինչպես նաեւ տեխնիկական անսարքության վարկածները ամբողջությամբ բացառվել են:

Առայժմ փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ծովն ընկած ինքնաթիռի որոշ կտորներ եւ 34 հոգու դիակ: Փրկարար շխատանքներին մասնակցում են Լիբանանի ռազմա-ծովային ուժերն ու քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:

Այսօր Լիբանանում սուգ է հայտարարված, հիվանդանոցներում սկսվել է դիակների ճանաչման գործընթացը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Բեյրութ-Ադիս Աբեբա չվերթն իրականացնող ինքնաթիռը, հունվարի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել եւ ընկել Միջերկրական ծովը: Ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում են եղել 92 մարդ: