«Շիրակ կենտրոնը», նոյեմբերի 16-ին, սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների համար նախակրթարաններն անվճար դարձնելու մասին դիմում-առաջարկություն է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ավագանու անդամներին:
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի պարոն քաղաքապետ եւ ավագանու հարգարժան անդամներ
Ինչպես գիտենք, Գյումրիում սոցիալապես առավել ծանր պայմաներում են բնակվում տնակային ավանների բազմանդամ եւ միայնակ մայրերի ընտանիքները: Մեր ուսումնասիրությունները եւ դիտարկումները ցույց են տվել, որ այդ ընտանիքների մանկահասակ երեխաների մեծ մասը զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից` հիմնականում պահանջվող վարձավճարները մուծելու միջոցներ չունենալու պատճառով: Այդ երեւույթը բացասաբար է ազդում հարյուրավոր երեխաների պատշաճ խնամք ու սնունդ տրամադրելու, ինչպես նաեւ նրանց ծնողների ու խնամակալների զբաղվածության ապահովման վրա: Ցավոք, աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում նախակրթարանները վճարովի են, այն դեպքում, երբ մայրաքաղաքում դրանք անվճար են:
Պարոն քաղաքապետ եւ ավագանու հարգարժան անդամներ, դիմում ենք ձեզ` առաջարկելով 2013 թվականի հունվարի 1-ից Գյումրու սոցիալապես առավել խոցելի ընտանիքների, մասնավորապես` տնակներում բնակվող բազմանդամ եւ միայնակ մայրերի ընտանիքների, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաների համար նախակրթարանները դարձնել անվճար : Ակնկալում ենք, որ մեր այս առաջարկությունը կընդգրկեք Գյումրու ավագանու առաջիկա նիստերից մեկի օրակարգում եւ 2013 թվականի համայնքային բյուջեն հաստատելիս կներառեք հատուկ տող վերը նշված սոցիալական խմբերի երեխաների համար Գյումրու նախակրթարանների վարձավճարները համայնքային բյուջեի միջոցներից տրամադրելու մասին»:





























