Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հետընտրական իրադարձությունների արդյունքում 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Արմեն Հարությունյանը նախարարին հայտնել է, որ իր հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները հունվարի 26-ին հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, թե ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի եւ սրտանոթների հետազոտություն (կառոռանոգրաֆիա), ինչը անհնար է կատարել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, եւ ազատամարտիկը խնդրել է հնարավորության դեպքում հետազոտությունը կատարել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
«Բացի դա, դատապարտյալ Ս. Միքայելյանը հայտնել է նաեւ, որ պատերազմական գործողությունների ընթացքում ստացված բեկորային վնասվածքի հետեւանքով որոշ բեկորներ չեն հեռացվել իր աջ ոտքից, ինչը ուժգին ցավեր է առաջացնում իր մոտ՝ խնդրելով հնարավորության դեպքում կատարել ոտքի վիրահատություն»,- նշել է ՄԻՊ-ն ու խնդրում եմ քննարկել դատապարտյալ Ս. Միքայելյանին՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հետազոտություն անցկացնելու հարցը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել լուծելու դատապարտյալ Ս. Միքայելյանի ոտքի վիրահատության հետ կապված խնդիրը:
Հիշեցնենք, որ Միքայելյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ վերջին օրերին նրա վիճակն ավելի է վատացել:




























