Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Սոֆիայում նոյեմբերի 21-ից 22-ը մասնակցել է «Վերջ տալ մինչեւ երեք տարեկան երեխաներին հաստատություններ տեղավորելուն» խորագրով ՄԱԿ-ի նախարարական համաժողովին, որի նպատակն էր քննարկել մինչեւ երեք տարեկան երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելու բացասական հետեւանքները, հնարավոր կանխարգելիչ ուղիներն ու միջոցառումները, ոլորտում առկա միջազգային լավագույն փորձն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից առաջարկվող լուծումները:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը` ներկայացնելով Հայաստանում այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները:
Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Բուլղարիայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարարի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության մասին 2012թ. ստորագրված միջգերատեսչական միջազգային համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ միգրացիայի կանոնակարգման եւ քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ երկու նոր երկկողմ պայմանագրերի ստորագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Բուլղարիայի նախարարի հրավերով Արտեմ Ասատրյանն այցելել է Բուլղարիայի «Մարդկային ռեսուրսների եւ տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն»: Կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման համար Բուլղարիայի կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:





























