Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում ուրիշ պետությունների զինուժի հնարավոր տեղակայումը, թեկուզ եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կվերածի հանրապետության ինքնիշխանության կտրուկ սահմանափակման։ Հուլիսի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ այս մասին կիսվել է ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանը։ Նա կարծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում ԼՂՀ Պպաշտպանության բանակը արդյունավետորեն գլուխ բերեց նաեւ հակամարտության տարածքում խաղաղարար գործառույթները, այդ իսկ պատճառով խաղաղություն պահպանելու համար միջազգային ուժերով նրան փոխարինելու անհրաժեշտություն չկա, իսկ երրորդ կողմի հետ տվյալ փոփոխությունը ոչ միայն չի երաշխավորում անվտանգության ամրացումը, այլեւ իր մեջ կրում է նոր վտանգներ։

Նոր հանրաքվեի անցկացման իմաստը Մաիլյանը չի տեսնում, քանի որ. «1991թվականի դեկտեմբերի 10-ին, արդեն իսկ ԼՂՀ իրավական կարգավիճակը ինքնորոշվել է պարտադիր իրավական կամարտահայտության հիման վրա եւ հաստատվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման այլ հանրաքվեով»։ Քաղաքական գործիչը նաեւ հիշեցրել է, որ Արցախի ժողովուրդը արդեն 8 անգամ անուղղակի ձեւով հայտնել է անկախ պետականությանը իր հակվածությունը՝ համահանրապետական նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով, ու այդ կերպ, վերջին 18 տարիների ընթացքում Ղարաբաղի քաղաքացիները արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին։ «Հարցն այն է, թե պատրա՞ստ են այսօր ադրբեջանցիները ընդունել ղարաբաղցիների իրագործած ինքնորոշման իրավունքը, թե՞ չէ»,- ընդգծել է նա։

NEWS.am-ի այն հարցին, թե որքանով է հավանական ռազմական սցենարը, Մասիս Մաիլյանը պատասխանել է, որ Արցախում նման հնարավորությունը երբեք չեն բացառել եւ միշտ պատրաստ են եղել Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու վտանգին։ Սակայն, նրա կարծիքով, նման ընթացքը քիչ հավանական է։ Առաջինը՝ հակամարտող կողմերից ոչ մեկը պատերազմ վերսկսելու համար չունի սպառազինական զգալի առավելություն մյուսի նկատմամբ։ Սպառազինության մրցումը շարունակվում է, փոխվում են ուժերի ու միջոցների որակները, բայց ռազմավարական հավասարակշռությունը պահպանվում է։ Երկրորդը, տարբեր պատճառներով, աշխարհի հիմնական կենտրոնները շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ։ Երրորդը՝ արեւմտյան փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ մեր տարածաշրջանում պատերազմի եւ խաղաղության հարցի որոշումը որոշակի ժամանակահատվածից հանված է պաշտոնական Բաքվի բացառձակ իրավասության ասպարեզից"։ Դրա հետ մեկ տեղ, նա հավելել է, թե մեր տարածաշրջանով մասնագիտացված փորձագետների համար գաղտնիք չէ այն, որ կայունության խախտման վտանգ կարող է լինել միայն Ադրբեջանի կողմից։

«Հայկական երկու պետություններին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների հետ զուգահեռ անհրաժեշտ է անցկացնել ակտիվ աշխատանքներ՝ ուղղված ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,-ասել է Մաիլյանը։ Դրանով իսկ, դե-յուրե անկախ Արցախը նոր հնարավորություններ կստանա սեփական անվտանգության ապահովման համար՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ինչը արդեն աշխատել է Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքերում։ «Հիմա դժվար է պատկերացնել, որ Սերբիան եւ Վրաստանը կարող են պատերազմ սկսել իրենց նախկին ինքնավարությունների դեմ»,-նշել է նա։ Իսկ Հայաստանում ու Ղարաբաղում աճող հասարակական բողոքի լույսի ներքո Մադրիդյան սկզբունքների հնարավոր ընդունումը, Մաիլյանը քիչ հավանական է համարում։