Դեղին ծովի Պեննենդո հատվածում Հյուսիսային Կորեայի ռազմանավերը կրակ են բացել Հարավային Կորեայի ծովային սահմանի ուղղությամբ:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ՀարավայինԿորեայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ ԿԺԴՀ-ն մի քանի հրետային համազարկ է կատարել նավարկության համար փակ գոտու ուղղությամբ, որը գտնվում է երկու երկրների ծովային սահմանից ոչ հեռու:
Իր հերթին, Հարավային Կորեան պատասխան կրակ է արձակել: Ընդ որում, տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, կրակն ընթացել է ջրի, այլ ոչ թե հակառակորդի նավերի ուղղությամբ եւ երկու կողմից էլ վիրավորներ ու զոհեր չկան:
Կորեայի Հանրապետության զինված ուժերի հրամանատարների շտաբի ղեկավար Պակ Սոնի խոսքով, զորքերը ներկա պահին գտնվում են բարձր պատրաստության վիճակում:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին, Փհենյանը Դեղին ծովի իր արեւմտյան ափին հարող հատվածը նավարկության համար արգելված գոտի էր հայտարարել: Սեուլում խուսափում են, որ հարեւան երկիրը նորից կարձակի փոքր հեռահարության հրթիռներ:
Նշենք, որ սկանդալային նմանօրինակ մի միջադեպ էլ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանները հսկող փոքրիկ ռազմանավերի միջեւ եղել է անցած տարի նոյեմբերին: Այդ ժամանակ ծովային պատերազմն ընթանում էր «հյուսիսային սահմանագծում»` որը երկու Կորեաների միջեւ անցկացվել է 1953 թվականին, եւ որը Փհենյանը մինչ օրս չի ճանաչում:



























