Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի կրթության նախարարները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխնախարարները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին /ԵԲԿՏ/ ինտեգրվելու ուղղությամբ վերոնշյալ երկրներում կատարվող աշխատանքների վերաբերյալ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտում, համալսարանների ինքնավարության եւ ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաեւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում առաջացած մարտահրավերներին: Նախարարն ընդգծել է նաեւ 2011թ. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի հաստատման կարեւորությունը: Առանձին անդրադարձ է կատարել Հայաստանում իրականացվող մի շարք հետեւողական քայլերին` ուղղված բուհի ակադեմիական եւ կառավարման գործընթացներին ուսանողների դերի եւ ներգրավվածության բարձրացմանը, ինչը հատկապես կարեւորվում է ԵԲԿՏ-ում: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի ապագա անդամակցումն Ուսանողների եվրոպական միությանը, որը հանդիսանում է ԵԲԿՏ-ի խորհրդատու անդամ: Որպես առաջնայնություն ընդգծել եւ կարեւորել է նորաստեղծ կառույցների եւ գործընթացների ամբողջական ընկալումն ու ընդունումն ինչպես համալսարանական հանրության, այնպես էլ հասարակության կողմից:
Հանդիպման արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով երկրները պատրաստակամություն են հայտնել ստեղծել որակավորումների ազգային շրջանակի հաստատմանն ուղղված պատասխանատուների տարածաշրջանային ցանց, ինչպես նաեւ երկրներում ներդնել որակի ապահովման համար անկախ համակարգեր:
Այցի շրջանակում նախարար Ա.Աշոտյանն առանձին քննարկումներ է ունեցել Ուկրաինայի եւ Մոլդովայի կրթության նախարարների հետ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ.Բավեյանը, ԵՊՀ եւ ԵՃՇՊՀ ռեկտորներ Ա.Սիմոնյանը եւ Հ.Թոքմաջյանը:





























