Ղրղըզստանի «ԱսիաՈւնիվերսալԲանկը» (ԱՈՒԲ) Նոր Զելանդիայում եւ Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերությունների հաշվեհամարներին միլիարդից ավելի գումար է փոխանցել։ Բանկը պատկանում էր երկրի նախկին նախագահ Ղուրմանբեկ Բակիեւի որդուն, հայտնում է Global Witness-ը։

Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ անգլիական Global Witness ընկերության ներկայացուցիչ Թոմ Մայնը հաղորդել է, որ գործը հետաքննելու պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի եւ այլ երկրների օֆշորային ընկերությունները կարող են դառնալ եկամուտների լվացման գործիք, գրում է  «ՌԻԱ Նովոստին»։

Հետաքննության ընթացքում փորձագետները մոտ երեք հազար «դատարկ» ընկերություն են հայտնաբերել, որոնք միայն բանկային ռեկվիզիտների տեսքով են գոյություն ունեցել։ Դրանցից շատերը նույն օրն էին ստեղծվել, ինչն էլ ցույց է տալիսդ թիկունքում մարդկանց նույն խմբի առկայությունը։

Դեպքերից մեկում անգլիական ընկերության սեփականատերը, որի հաշվին ԱՈՒԲ-ից 700 մլն դոլար էր փոխանցվել, ընկերության գրանցումից երեք տարի առաջ մահացած ՌԴ քաղաքացի էր։

Հոկտեմբերին ԱՄՆ-ի հայցով Լոնդոնում ձերբակալվել էր Բակիեւի կրտսեր որդի Մաքսիմը։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու նպատակով արժեթղթերի կեղծման գործարքի եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ։ Լոնդոնի դատարանը նրան գրավի դիմաց ազատել է՝ մինչեւ արտահանձնման լսումները, որոնք նշանակված են դեկտեմբերի  7-ին։