Նոյեմբերի 18-ին Վանաձորում տեղի ունեցած դաժան սպանության մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս, ըստ որի, քույրը եղբորը դանակահարելով սպանել է, քանի որ վերջինս բազմիցս փորձել է բռնաբարել իրեն: Ինչպես հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ոստիկանության «1-02» հաղորդման շրջանակներում  եղբորը սպանած Տարոնուհի Ավետիսյանը նշել է, որ եղբայրը բազմիցս փորձել է բռնաբարել իրեն, նույնիսկ ազատազրկման վայրից է իրեն անպարկեշտ առաջարկներ արել: «Ինքը նման բաներ իմ հետ խոսացել ա Ռուսաստանից, երբ որ գաղութում ա եղել…լկտի ձեւերով, անգամ սեքս ա բացատրել…քանի անգամ հեռախոսն անջատել եմ, նորից 2 օր անցել ա, նորից զանգել ա ու լկտի ձեւերով հետս խոսացել, ասել եմ բերանդ չափավորի, թե չէ կգնամ ոստիկանություն ու կասեմ, թե քանի անգամ ես ուզեցել ինձ բռնաբարել»,-ասել է նա:

Մանրամասնելով նոյեմբերի 18-ին իր եւ եղբոր միջեւ տեղի ունեցած վեճը, Տարոնուհին պատմել է, որ այդ օրը եղբայրը դուրս է եկել տնից, հետո վերադարձել է գինովցած, խփել է իրեն ու էլի նման առաջարկներ է հնչեցրել, ինչից հետո էլ քույրը դարակից վերցրել է դանակն ու սպանել նրան:

Դանակահարության այս դեպքը սակայն առաջինը չէր, քույրը դեռ սեպտեմբերին դանակի մի քանի հարված էր հասցրել եղբորը, այն ժամանակ սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել Գարեգին Ավետիսյանի կյանքը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի չճշտված տեղեկություններով Գարեգին Ավետիսյանը 15 տարի ազատազրկված է եղել տարբեր հանցանքների համար եւ պատիժը կրում էր ՌԴ-ի բանտերից մեկում՝ սպանության հոդվածով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, դեպքի օրը Գարեգին Ավետիսյանի ծննդյան օրն էր, եւ նա գինովցել էր ընկերների հետ:

Վանաձորում տարածված խոսակցությունների համաձայն, Տարոնուհի Ավետիսյանն ամիսներ առաջ եղբոր՝ իր անձի հանդեպ կատարած սեռական ոտնձգությունների մասին հայտնել էր ոստիկանությանն ու դատախազությանը, սակայն դատախազությունը չունենալով բավարար ապացույցներ, գործին ընթացք չէր տվել: Նշենք, որ Տարոնուհի Ավետիսյանը ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ:

Այս ամենը թերեւս քրոջ տեսակետն է, իսկ թե իրականում ինչ է եղել, կպարզի ոստիկանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 18-ի երեկոյան Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում Տարոնուհի Ավետիսյանը դանակի հարվածներ է պատճառել հարազատ եղբորը եւ սպանել նրան: Տարոնուհի  Ավետիսյանը ձերբակալված է:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am