Վերջին օրերին կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը: Ատրճանակի խզակոթի հարվածի հետեւանքով նրա մոտ սուր գլխացավեր են լինում, նաեւ՝ վատացել է ձախ աչքի տեսողությունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեկն է այն երեք երիտասարդներից, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Հուլիսի 1-ին՝ հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ ՀԱԿ համակիրների խմբի վրա էր հարձակվել առանց տարբերանշանների համազգեստներ հագած ու զինված մի խումբ եւ դաժան ծեծի ենթարկել երիտասարդներին: Տիգրան Առաքելյանին եւ երկու անչափահաս երիտասարդի տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հետագայում պարզվել էր, որ հարձակվողները եղել են ոստիկաններ, եւ փոխանակ հանցագործների դեմ քրեական գործ հարուցվեր, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում գործ է հարուցվել Տիգրան Առաքելյանի, Սահակ Մուրադյանի եւ Հերբերտ Գեւորգյանի դեմ: Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը, իսկ Տիգրան Առաքելյանին կալանավորել էին եւ տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այնտեղ ստացած վնասվածքներն իրենց զգացնել էին տվել, եւ առողջության կտրուկ վատթարացման պատճառով Տիգրան Առաքելյանին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Առաքելյանը նշեց, որ զենքի խզակոթի հարվածից գլուխն է ցավում: «Աչքերս փակում եմ, ոնց որ ամեն ինչ պտտվի: Նաեւ տեսողությանս վրա է ազդել, մասնավորապես ձախ աչքիս վրա»,- նշեց Առաքելյանը: Ի դեպ, նա այսօր այնքան վատ է իրեն զգացել, որ բժիշկներն անգամ չեն տեղափոխել հետազոտման: «Հիմա ես շատ հստակ պահանջել եմ, որ կամ խափանման միջոցս փոխեն, կամ բուժեն այնպես, ինչպես կկարողանայի բուժվել ազատության մեջ»,- արձանագրեց քաղբանտարկյալը եւ հավելեց. «Այն, որ ինձ այստեղ պահում են, ապացուցում է իմ տուժող լինելը։ Վախեցան բերդում մի գիշեր պահել, քանի որ վիճակս անկանխատեսելի էր»:

Ձերբակալվելու օրվանից առ այսօր միայն մեկ անգամ է քննչական գործողություն իրականացվել Տիգրան Առաքելյանի մոտ, եւ միայն մեկ անգամ՝ հուլիսի 8-ին նրան տարել են դատաբժշկի մոտ, որտեղ արձանագրվել է, որ գլխին վերք կա:

Իսկ հուլիսի 5-ին՝ ձերբակալման օրը, Տիգրան Առաքելյանին առերեսել էին Կենտրոնի բաժնի ոստիկան՝ ոմն Էրիկ Պողոսյանի հետ, որին իբր ծեծել էին փոքրամարմին երիտասարդները: Պողոսյանը, որն արդեն մի քանի քաղբանտարկյալի դեմ հասցրել է ցուցմունք տալ, առերեսմանը ներկայացել է գլուխը փաթաթած, իբր գլխին կարեր են դրված: «Եթե իր գլուխը կարել էին, անհնար է, որ աչքերի տակ կապտուկներ չլինեին: Իր դեմքն ամենաառողջ դեմքն էր, շատ նորմալ խոսում էր, ոչ մի խնդիր չկար»,- զարմացած նշեց Տիգրան Առաքելյանը:

Ինչեւէ, քաղբանտարկյալի կարծիքով՝ իր եւ իր ընկերների դեմ սանձազերծված հալածանքների հեղինակը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանն է, իսկ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ: Թեեւ, ըստ Առաքելյանի, առաջիկա օրերին Վերաքննիչը քննելու է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, եւ եթե դատարանն իր առողջական վիճակը հաշվի չառնի եւ խափանման միջոցը թողնի նույնը, «կհամարեմ, որ Սերժ Սարգսյանն է անձամբ հրահանգել ընդդիմության համակիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնել», եզրափակել է Տիգրան Առաքելյանը: