Թեեւ Ալիեւ-Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ որեւէ պայմանագիր չստորագրվեց, այնուամենայնիվ Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։ Վերջինս համար հատկապես դրական է այն փաստը, որ հանդիպմանը մշակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախաբան (պրեամբուլա) եւ որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂՀ-ն՝ որպես բանակցային կողմ, այլեւս մասնակցելու է բանակցություներին։

Հանդիպմանը ներկա մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նախագահների եռակողմ այս հանդիպումից որեւէ սպասելիք չուներ։ Նրա բնութագրմամբ «սա հերթական հանդիպումն է»։

«Դրական հետընթաց է»,- այսպիսի գնահատական տվեց Ալավերդյանը հանդիպմանը՝ հավելելով, որ նախագահների հանդիպմամբ հաջողվեց գոնե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես բանակցային կողմ վերադարձնել բանակցային գործընթացին, որին նա դադարել էր մասնակցել 1998 թվականից։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Սոչիում տեղի ունեցավ նախագահների եռակողմ հանդիպում՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: