Համաշխարհային հայկական կոնգրեսը սկսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

«Մենք մեկ անգամ եւս պիտի ապացուցենք, որ Հայոց Ցեղասպանությունը վերստուգելու կամ վերահաստատելու կարիք չունի, այն փաստ է, որը պետք է ընդունվի եւ դատապարտվի»,-այսօր՝ հունվարի 27-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասաց ասոցիացիայի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը՝ հավելելով, որ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ասոցիացիայի թեւը նախաձեռնել է խորհրդանշական ծառատունկ կազմակերպել: Այսինքն՝ մինչեւ 2015 թվականը եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող 1,5 միլիոն ծառ տնկել Հայաստանում:

Ծառատունկի թեման բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց համաժողովի մասնակիցների շրջանում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրող Պերճ Զեյթունցյանը եւ մի շարք խորհուրդների ներկայացուցիչ Աստղիկ Գեւորգյանը, ցեղասպանության թեման մոռացած՝ լուրջ դեմքերով սկսեցին քննարկել ծառատունկի տնտեսական մասը: Իսկ հատուկ այդ հարցերին պատասխանելու համար համաժողով հրավիրված քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ծառատունկի թեման համակողմանի վերլուծելուց հետո կազմակերպիչներին խորհուրդ տվեց դիմել Կառավարությանը:

Նշենք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: