ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ԱԺ ղեկավարության ուշադրությունն են հրավիրել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի` հունվարի 26-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում նա հանդես է եկել ԼՂ հիմնահարցին առնչվող կանխակալ տեսակետներով:

«Վեհաժողովի նախագահի կողմից „իրականության“ որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը ԼՂ հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաև վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաև ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երևում է, նա նաեւ անտարբերությամբ է վերաբերվում ԼՂ ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ներկայումս նաև հայերի հանդեպ ատելություն եւ այլատյացություն քարոզելու միջոցով:

Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և շեշտելով, որ. „այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը“` նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ:

«Այս հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում՝ ԵԱՀԿ եւ վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, և այն, որ այս ձևաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում և վնասում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում, որ հաշվի առնելով վերոգրյալը, ԱԺ 3 կոալիցիոն խմբակցությունները «հորդորում են ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մեվլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»: